Դաս պարապելուց
դեռ չէի կշտացել,

- ասում է Խնձորեսկ գյուղի Գ․ Սևունցի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ալվարդ Բուդաղյանը, ով կեսդարյա մանկավարժական աշխատանքից հետո այս տարի կենսաթոշակի է անցել։
-Հոգնելը՝ մի կողմ, դաս պարապելուց, դպրոցից դեռ չեմ կշտացել, ու չհասցրեցի այն աշակերտներին, որոնց դասղեկն էի, տարրական դասարանն ավարտեցնել․ ստացվեց այնպես, որ թողեցի աշխատանքս։
Ասում է, որ անսովոր է․ կյանքի մեջ դատարկություն կա, որը ոչ մի կերպ չի կարողանում լցնել, որքան էլ փորձում է այգում կամ տնային այլ գործերով զբաղվել․ ուշքն ու միտքը դպրոցում է թողել։ Երբեմն մտածում է, որ դեռևս արձակուրդներ են, շարունակում է ամեն օր մանկավարժական գրքեր կարդալ․ թվում է, թե դեռ դաս ունի պարապելու։
Չէի հոգնել աշխատանքիցս,- փորձում է խեղդել արցունքներն ու շարունակում,- կարոտում եմ՝ աշակերտներիս, դասարանս։
Ամբոխի մեջ աշակերտներին հանդիպելուց, երբ նույնիսկ նրանք վաղուց ավարտել են, արդեն հայր կամ մայր են դարձել, մտքի մեջ կրկնում է հայտնի բանաստեղծություններից մեկը «Դու իմը, իմը ամենաիմը, բոլորն իմն են դարձել․ հայացքը փախցնում է, թեման փոխում։ Մինչ լուսանկարվելը, մի քանի անգամ փոխում է հագուստը, դժվարանում ընտրել, որովհետև միշտ ուշադիր է եղել, թե ինչ հագուստով է դասի գնում, աշակերտների առաջ անգամ այդ հարցում պատասխանատու է զգացել իրեն։
Դեռ 70-ականներին, երբ սկսեց առաջին դասարանցիներին պարապել, որոշեց նրանց համար նոթատետր պահել․ գրառում էր իր աշակերտների հետ կապված գրեթե ամեն անցուդարձ․ պատմություն, խոսք, ճիշտ այնպես, ինչպես ծնողներն են թղթին հանձնում իրենց երեխաների ամեն քայլը։ Այսպես 45 տարի։ Նա այնպիսի՜ սիրով է թերթում տարիների ընթացքում խնամքով պահված հաստափոր օրագրերը, որոնք դասավորված են ըստ տարիների։ Չնայած անգիր գիտի, բայց համարյա ամեն օր թերթում է, նորից վերհիշում է, պատահում է՝ սկսում է բարձր ձայնով ծիծաղել։ Տանեցիներն արդեն սովորել են, գիտեն, որ ինքը մտովի իր աշակերտների հետ է։
Tilda Publishing
«Երբ տետրերն էի ստուգելու, երբեմն սկսում էի հանդիմանել ոմանց, որովհետև պատահում էր, տեսնում էի, որ աշակերտը չի գրել տնայինը, այդ պահին նույնիսկ զգում էի, որ մասն է մայրիկը գրել, որը՝ հայրը։
Տարրական դասարանն ավարտելուց հետո իր սաներին պատվոգրեր է բաժանում, ասում է, երբ տարիներ հետո հանդիպում է սաներին, լինում են դեպքեր, երբ նրանցից ոմանք ասում են, թե դա իրենց միակ գովասանագիրն է եղել ու պահում են փայփայելով։ Անձնական արխիվում է պահում նաև աշակերտների մասնակցությամբ կազմակերպված էքսկուրսիաների, տարբեր միջոցառումների, ավարտական երեկոների տեսաժապավենները։
Ալվարդ Բուդաղյան ուսուցչի համար դասապրոցեսը միայն թիվ ու թվաբանություն կամ տառ սովորեցնելը չէ։ Նրա համար դպրոցը, դասապրոցեսը ստեղծագործական մոտեցում է պահանջում, իսկ լավագույն մեթոդն այն է, որ դպրոցում առաջին քայլերն անող երեխաներն իրենց շրջապատի, իրենց սիրելի մարդկանց միջոցով ճանաչեն կյանքի արժեքները և ոչ թե շաբլոն բառերով, բազմապատկման աղյուսակներով։
Մի դեպք է հիշում, երբ միջոցառման էին պատրաստվում և ինքն արտասանեց մի քառատող․
Տատիս մաշված գոգնոցից
Համեմի բույր է գալիս,
Մեզ այնպես դուր է գալիս
Գրպանները մրգով լի:
Նա ժպտալով բոլորիս՝
Չիր ու չամիչ է տալիս։




Հետո հարցրել է աշակերտներին, թե ինչ են իրենց տատիկները գոգնոցի գրպանում պահում։ Ու ցավ, հիասթափություն է ապրել, երբ աշակերտներից մեկը պատասխանել է՝ հեռախոս։
Զվարճալի միջադեպեր էլ է հիշում, ինչպես, օրինակ, ասում է, թե առաջին դասարանցիներից մեկի մկրատը վերցրել էր, օգտագործել, մնացել էր սեղանին, հաջորդ օրը հարցրել է, թե ու՞մն է։ Տիգրանը շատ հանգիստ պատասխանել է․ «Առաջ իմն էր, մհեկ արդեն քոնը»։


Հետաքրքվում եմ, թե գուցե կարոտը լրացնի տանն աշակերտ պարապելով։ Գլխով բացասական պատասխան է տալիս, ասելով, թե ես ինձ միայն դասարանում, գրատախտակի մոտ եմ պատկերացնում։
Խնդրում եմ թույլ տա, որ լուսանկարեմ։ Առանձնահատուկ խնամքով նորից հարդարվում է, ասելով, թե՝ թող աշակերտներս ինձ լավ տեսքով տեսնեն։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website